Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Փաշինյանի փաստազուրկ պնդումները

Փաշինյանի փաստազուրկ պնդումները
15.04.2025 | 21:18

«Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմի համար որևէ հիմք չկա»,- այսօր ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե, հիանալի կլիներ, եթե Փաշինյանի պնդումը գոնե հեռավոր աղերս ունենար իրականության հետ:

Սակայն անգամ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը, որն ամենևին ինստիտուցիոնալ, երաշխավորված խաղաղության մասին չէ, Բաքուն հրաժարվում է ստորագրել՝ առաջ քաշելով երկու նախապայմաններ:

Ի դեպ, ակնառու է, որ այդ նախապայմանները, որոնք վերաբերում են Մինսկի խմբի լուծարմանը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, Փաշինյանը, մեծ հաշվով, պատրաստ է բավարարել:

Այս հարցերում Փաշինյանի առարկությունները բովանդակային չեն ու կապված են ժամկետների հետ: Դրա համար է, թերևս, նա պնդում, որ պատերազմի հիմք չկա, այլ խոսքով՝ նոր զիջումների մասին է ակնարկում:

Սակայն նույնիսկ այս խնդիրները Բաքվի համար պատրվակ են. նրա համար ստրատեգիականը մնում է, այսպես կոչված, միջանցքի հարցը:

Անթալիայի իր ելույթում Բայրամովն ուղիղ խոսում էր այդ մասին՝ «անխոչընդոտ ճանապարհ» ձևակերպումով:

Սա ավելին է, քան նկարագրված էր Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:

«Ինքնիշխանական» Փաշինյանն իբրև թե միջանցք չտալու (իրականում՝ փաստաթղթում խոսք չկար Զանգեզուրի միջանցքի մասին) պատրվակով մերժեց ռուսական միջնորդությունն ու հայացքը նետեց «փրկիչ» Արևմուտքի ուղղությամբ՝ չնայած հիմա Եվրահանձնաժողովի ղեկավար ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը Միջին միջանցքի (որի մասն է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը) համատեքստում կիրառում է նույն ադրբեջանական թեզերը՝ դրանք փաթեթեավորելով «անխափան սահմաններ» ձևակերպումով:

Փաշինյանը հույսը դրել է ժամանակի ու «պատահական, երջանիկ» հանգամանքների վրա:

Դարձյալ պնդում եմ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Հայաստանի համար նվազ ռիսկային լուծումներ նկարագրված էին հենց Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:

Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով նպաստեց այդ ստատուս-քվոյի փլուզմանն ու հիմա տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս է նա միջանցքի հարցում չեզոքացնելու Բաքվի պահանջները, երբ Հայաստանի և Ադրբեջանի ուժային դիսբալանսն ավելի է մեծացել և չկան ազդեցիկ միջնորդներ:

Այս հարցի պատասխանը Փաշինյանը չունի, հետևաբար, խաղաղության մասին նրա պնդումները փաստազուրկ են:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 19428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ